Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությամբ, Արդարադատության նախարարի հրամանով 2014թ. մարտին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և անդրադարձել օրենսգրքով նախատեսված մի շարք ինստիտուտների կիրառմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ անհրաժեշտություն կա ապահովել քրեական գործող օրենսգրքում նորմերի ձևակերպման հստակությունը, իրավական որոշակիությունը, անհակասականությունը, բացառել լեզվական անճշտությունները և հակասություններն այլ իրավական ակտերի հետ:
Քրեական նոր օրենսգիրքը պետք է արտացոլի կրիմինալոգիական իրողությունը, ապահովի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունը և համահունչ լինի քրեական իրավունքի տեսության և օրենսդրության ժամանակակից միտումներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և առաջարկություններով լրամշակված փաստաթուղթը ներկայացնել վարչապետին: