ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված դեռևս 2012թ. սեպտեմբերի 14-ից, սակայն այն այդպես էլ չի մտել նստաշրջանի օրակարգ: Գլխադասային՝ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2012թ.-ի նոյեմբերի 9-ի նիստում որոշել է առաջարկել ԱԺ-ին կառավարության օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը նստաշրջանի օրակարգի նախագծում հետաձգել մինչև մեկ տարով:
Նոյեմբերի 12-ին ԱԺ-ն իր լիագումար նիստում կայացրել է հետաձգելու մասին որոշում: Այդ ընթացքում կառավարությունը լրամշակել է օրենսգրքի նախագիծը և 2013թ.-ի հունիսի 10-ին ԱԺ ներկայացրել նախագծի լրամշակված տարբերակը:
Սակայն, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին գլխադասային հանձնաժողովից, այն հանձնաժողովում դեռևս չի քննարկվել: Ի դեպ՝ լրամշակված տարբերակը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ըստ այդմ, նշվել է, որ նախագծի լրամշակված տարբերակում կատարվել են բազմաթիվ լրացումներ և փոփոխություններ, այդ թվում հանվել են այլ օրենքի կարգավորման առարկա հանդիսացող մի շարք գլուխներ:
Այդուհանդերձ՝ համաձայն լրացուցիչ փորձաքննության արդյունքների, նախագծում դեռևս կան շտկելու և օրենսդրությանն ու ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների պահանջներին համապատասխանեցնելու ենթակա դրույթներ: