2012թ. սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, հետագայում կառավարության կողմից լրամշակվելուց հետո անգան ԱԺ նստաշրջանի օրակարգ ընդգրկվելու համար գլխադասային հանձնաժողովի կողմից դեռևս դրական եզրակացության չի արժանացել:

 

Այս ընթացքում նախագիծը տարբեր ձևաչափերով քննարկվել է: Դրական գնահատված մի շարք նորամուծությունների կողքին, առաջարկվող որոշ լուծումների վերաբերյալ, հատկապես ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի ներդրման հետ կապված, մասնագետների կողմից հնչել են տարբեր մտահոգություններ և առաջարկներ: Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագիտությամբ իրավաբան անդամները՝ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդմոն Մարուքյանը՝ կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ, արդեն տևական ժամանակ է, ինչ իրականացնում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգքի նախագծի աշխատանքային փակ քննարկումներ: Նախագիծը քննարկվում է հոդված առ հոդված:

 

Քննարկման արդյունքները մասնակիցներն առայժմ չեն մեկնաբանում, քանի դեռ դրանք վերջնական չեն: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խնդրահարույց դեպոնացման հետ կապված արդեն իսկ նախատեսվել են լրացուցիչ երաշխիքներ, որոնք միտված են լինելու այդ ինստիտուտի հնարավոր չարաշահման նվազեցմանը: