ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, որով փոփոխություններ կիրականացվեն ձերբակալման ընթացակարգերում, կիրականացվի կալանքի հստակեցում, ինչպես նաև նոր այլընտրանքային խափանման միջոցների կիրառում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ այն ընդգրկված է ԱԺ օրակարգում:

 

«Նախագծով նախատեսվում է առավել արդյունավետ ապահովել անձի պաշտպանությունը: Դրա շուրջ քննարկումներ են եղել ԱԺ-ում, որոնք շատ կառուցողական էին: Ներկայացվել են նաև տարբեր առաջարկներ, որոնք կամփոփվեն»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Թաթոյանը:

 

Նա ընդգծեց, որ բացի այդ, կատարվում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակման գործընթաց: «Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել է հայեցակարգ, և նախատեսվում է հաջորդ տարի նոր օրենսգրքի տեքստը ներկայացնել ԱԺ:

 

Կսահմանվեն նոր պատժատեսակներ, որոնք նվազագույնի կհասցնեն ազատազրկումը՝ որպես պատժատեսակ: Դրանցից են, օրինակ, տնային կալանքը, ազատության սահմանափակումը, ծնողական իրավունքներից զրկումը, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանից արտաքսելը և այլն»,-հավելեց նա: