Հայաստանում այսուհետ ազատությունից զրկված անձինք իրենց ազատազրկման իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն կստանան: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. սահմանադրական բարեփոխումներով: «Նախագծերի փաթեթով առաջարկում ենք փոփոխություններ, օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2015թ. ընդունված Սահմանադրության 27-րդ հոդվածով հստակ նախատեսվեցին այն դեպքերը, թե երբ անձը կարող է անձնական ազատությունից զրկվել, ընտրվեցին դրա հիմքերը: Նաև նախատեսվեց, որ անձն ազատությունից զրկվելուց հետո հնարավորություն ունի վիճարկել իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը: Մենք այս նախագծով հստակ սահմանում ենք ձերբակալման դեմ բողոքարկման ընթացակարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց փոխնախարարը:
Նա հստակեցրեց, որ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկել ցանկացող անձը կարող է բողոք ներկայացնել 60-օրյա ժամկետում: «Իսկ եթե անձը հետագայում որպես խափանման միջոց կալանավորում չի կրում, ապա ազատ արձակվելու պահից 10-օրյա ժամկետում իրավունք ունի վիճարկել իր ձերբակալման որոշումը, և դատարանն անհապաղ քննարկում է ձերբակալման իրավաչափությունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Առաջարկվող մյուս փոփոխությունն այն է, որ անձը կարող է ցուցմունք չտալ իր և իր մերձավոր ազգականի դեմ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դա հետագայում կարող է օգտագործվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի: «Սա ևս նորամուծություն է, որով մենք հստակեցնում ենք, թե որ դեպքում անձը իրավասու չի լինի հրաժարվել ցուցմունք տալուց»,- պարզաբանեց փոխնախարարը:
Փաթեթով հստակ սահմանվել են արգելանքի տակ վերցված անձի իրավունքները' իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառները, պահպանել լռություն, ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում և այլն: