«Այսօր Աժ քննարկման օրակարգում 5 հարց էր, որոնցից մեկը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցն էր: Թե որքանով իրականացված փոփոխությունները կազդեն ՏԻՄ ընտրությունների որակի և թափանցիկության վրա, թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:
«Երեսուն տարի է՝ մեկ ընդհանուր հիվանդություն կա Հայաստանի քաղաքական դաշտում, որը կոչվում է ընտրական օրենսգրքի փոփոխություն: Պետք է նշեմ, որ Հայաստանում լավագույն և ամենաարդար ընտրությունները տեղի են ունեցել 1990թ. մայիսին՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին ընտրությունները, երբ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր: Այն ժամանակվա ընտրական օրենսգիրքը ես տեսել եմ, որը ամենապարզունակ, ամենաանորոշ, իրավական «տեսակետից բազմաթիվ հարցեր չկարգավորող ընտրական օրենսգիրքն էր, բայց որի պարագայում անցկացված ընտրությունները համարվում են ամենաարդարը: Դրանից հետո ՀՀ-ում սկսվեց ընտրական օրենսգրքի բարելավման գործընթաց, և որքան այն բարելավվում էր, այնքան ընտրությունների որակն ընկնում էր, իսկ կեղծիքները՝ ավելանում, որովհետև խնդիրը ընտրական օրենսգրքի մեջ չէ,»,-նշեց Ա. Բադալյանը:
Ըստ նրա՝ ազնիվ և արդար ընտրությունների անցկացման մեկ պայման կա՝ իշխանությունների քաղաքական կամքը, որը բարեփոխումներ իրականացնելով չի որոշվում: Իսկ զուտ որպես իրավական փաստաթուղթ՝ վերջին օրենսգրքերը շատ ավելի որակյալ են, պարզապես դրանք որևէ կերպ չեն ազդում ընտրությունների որակ վրա:
Խոսելով ներկայիս իշխանությունների մոտիվների մասին՝ փոփոխություններ անցկացնելու ընտրական օրենսգրքում՝ նա նշեց, որ դրանք պայմանավորված են ՏԻՄ ընտրություններում գրանցած անհաջողություններով:
«Քանի որ իշխանությունները հատկապես ՏԻՄ ընտրություններում շատ տեղերում լուրջ խնդիրներ են ունեցել, սկսել են բարեփոխել ընտրական օրենսգիրքը: Օրինակ՝ փոփոխությունների մի կետի համաձայն՝ ՏԻՄ ընտրություններում համայնքի ավագանին համայնքի ղեկավար է ընտրում փակ, գաղտնի քվեարկությամբ՝ ի տարբերություն այսօր գործող բաց քվեարկության ձևի: Նրանք կարծում են, որ փակի դեպքում մարդուն ավելի հեշտ կլինի գնել, սպառնալ, կոտրել, ոչ ազնիվ մեթոդներով ստանալ ցանկալի արդյունք, հատկապես եթե ավագանու անդամների մեծամասնությունը լինի ոչ իշխող քաղաքական թիմից»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ՀՀ-ում ազնիվ ընտրություններ չեն անցկացվել, երբ ներկայիս իշխանությունը պարծենում է իր անցկացրած արդար ու թափանցիկ ընտրություներով, նա նշեց, որ հեղափոխական էյֆորիայի տակ անցկացված ընտրությունները չեն կարող արդար լինել, քանի որ էյֆորիան ազդում է մարդկանց քվեարկելու դրդապատճառների վրա:
«Հեղափոխական էյֆորիայից հետո են լինում նորմալ ընտրություններ, բայց բազմաթիվ փաստեր կան, որ դրանից հետո անցկացված ընտրությունները չեն եղել ազնիվ և արդար. կան կադրեր, փաստեր այդ ամենը հաստատող, պարզապես ընդդիմությունը գուցե նպատակահարմար չգտավ կամ չունեցավ այդ փորձը, մասնագետները դրանք ուսումնասիրելու համար: Հետագայում, երբ իշխանափոխություն լինի, պարզ կլինի այսօրվա իշխանությունների ընտրությունների անցկացման ազնվության աստիճանը»,-խոսքը եզրափակեց Ա. Բադալյանը: