ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին: Միրզոյանը հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը, որը վերջերս էր ուղարկվել այնտեղ: 

Օրերս անընդհատ խոսվում էր այն մասին, որ ԸՕ-ի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը խիստ ձևական բնույթ է կրում, և որ այդ կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով, ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին:

 

Սակայն փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել, որտեղ ասվում է. «Անհնարին ոչինչ չկա, Վենետիկ 19.10.2018»: Ինչը նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստում ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների  պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: