Դատական դեպարտամենտի չորս աշխատակիցներին՝ ներքին աուդիտի վարչության պետ Սուսաննա Սեդրակյանին, հաշվապահության աշխատակիցներ' Շուշանիկ Բանտիկյանին և Հովակիմ Բադանյանին, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Գոհար Հարությունյանին Քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նրանք, իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով, 2011թ. հոկտեմբերից մինչև 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում յուրացրել են Դատական դեպարտամենտին պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 8 միլիոն 20 հազար 400 դրամ գումար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։
Դեպարտամենտի հաշվապահության աշխատակից Շուշանիկ Բանտիկյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ վերը նշված երեք անձանց հետ հանցավոր համաձայնությամբ 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. օգոստոսը ընկած ժամանակահատվածում հափշտակել են դեպարտամենտին պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 4 միլիոն 388 հազար 600 ՀՀ դրամի գումար:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մեղադրյալներ Շուշանիկ Բանտիկյանի, Սուսաննա Սեդրակյանի, Գոհար Հարությունյանի և Հովակիմ Բադանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին։
2014թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ՀՀ Քրեական Օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին և երկրորդ կետերով, 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։