Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով և կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները: Նախագծի ընդունման արդյունքում 2024 թ.-ի տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում: Որպես այս նախագծի տրամաբանական շարունակություն, առաջարկվում է 30 անձով ավելացնել Դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվը, ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ընդգրկված 3 աշխատակցով՝ դատավորի օգնական, դատավորի գործավար և նիստերի քարտուղար:

Բնական է, որ այս նախագծի կյանքի կոչումը ևս ենթադրում է հավել յալ ֆինանսական միջոցներ, ինչպես և նախորդը: Այս օրերին Արդարադատության նախարարության հանրային քննարկման ներկայացված երրորդ նախագիծը պետբյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում։ Առաջարկվում է լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի դեկտեմբերի 21-ի N 2276-Ն որոշման մեջ: Քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է անչափահասի, անգործունակի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբանի ներգրավման պահանջ:

Այդ համատեքստում այժմ գործում է «Կառավարության 2022 թ.-ի հունիսի 9-ի N 847-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը, որի գործնական կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Կարգը պարունակում է հոգեբանի մասնագիտական պահանջների վերաբերյալ կարգավորումներ, որոնց կիրառումը անհրաժեշտ է հետաձգել՝ գործընթացն արդյունավետ իրականացնելու և կադրեր ներգրավելու համար:

Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023 թ.-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 1144 քրեական վարույթով որակավորված հոգեբանների մասնակցությամբ կատարվել է 1619 քննչական գործողություն, և 2024 թ.-ին մոտավոր հաշվարկով կարիք կլինի նվազագույնը 25 որակավորված հոգեբանի: Ներկայիս կարգավորման համաձայն 25 որակավորված հոգեբանների որակավորման վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև հունիս ամիս, սակայն վերջիններիս շարքում կան անձինք, ովքեր չեն բավարարում միաժամանակյա բակալավրի և մագիստրոսի որակավորում ունենալու պահանջին, ինչպես նաև տվյալ կարգավորման պայմաններում ներկայումս բարդ կլինի ապահովել պահանջվող որակավորմամբ կադրերի ներգրավումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող լրացումը:

Առաջարկվում է, հաշվի առնելով ներկայիս իրավիրճակը և ակնկալելով առավել մասնագիտացված կադրերի ներգրավում, գործող որոշմամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ նախատեսող դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թ.-ի հունվարի 1-ը: