«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ խորհրդակցությունների մտադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթաց սկսելու շուրջ։ Սրան զուգահեռ, Բագրատ Սրբազանի թեկնածությունից զատ, այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս: Բանն այն է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու պարագայում պետք է առաջարկել վարչապետի նոր թեկնածու: Երեկ այս թեմայով իր տեսակետն է հայտնել նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցություններին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը։
Ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է օժտված լինի ազգային առաջնորդի հատկանիշներով, պետք է լինի՝ պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և հատկապես՝ Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող անձնավորություն։ Ըստ Խաչիկ Ասրյանի, վերոնշյալ չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է գեներալ - մայոր Արշակ Կարապետյանը»: