Գեղարքունիքի մարզում օրերս բացվել և վերաօծվել է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Տարիներ շարունակ ավերված վիճակում գտնվող հոգևոր կառույցը վերականգնվել, հիմնանորոգվել է նորատուսցի ուկրաինաբնակ գործարար Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ:
Բարերար Կարապետյանը Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգման գործում մեծ ավանդի համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի որոշմամբ արժանացել է հայրապետական բարձր պարգևի՝ Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանին:
«Ես՝ որպես նորատուսցի, մեծ երազանք ու ցանկություն եմ ունեցել՝ այս եկեղեցին վերանորոգենք ու ավարտին հասցնենք: Կուզեմ շնորհակալություն հայտնել ժողովրդին այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս գործում»,- ասաց Խաչիկ Կարապետյանը:
Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են արտերկրից ժամանած հյուրեր, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ հավատավորներ: