Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել էին 2012 թվականից, կշարունակվեն եւ ավարտի կհասցվեն 2015 թվականի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Սյունյաց Սահակ իշխանի կողմից կառուցված եւ իններորդ դարից մեզ կիսավեր հասած պատմաճարտարապետական այս հրաշալիքի վերականգնման աշխատանքները ընդհատվեցին 2014 թվականին, ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

 

Եկեղեցու վերականգման հովանավոր «Աֆինա Պալլադա» ընկերության տրամադրած միջոցներով նախորդ երկու տարիների ընթացքում այստեղ կատարվել էին որոշակի վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտի հասցնելու համար մնում էր կառուցել թմբուկի մեկ շերտը, գմբեթն' իր վեղարով, եւ ավարտել ներքին հարդարման աշխատանքները: Սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այս տարի այդպես էլ չհաջողվեց վերսկսել վերականգնումը:

 

«Արդեն կայացել է մեր հանդիպումը բարերար, մոսկովաբնակ Հայկ Մաղաքելյանի, համայնքի ղեկավարի եւ շինարարների հետ: Քննարկման արդյունքում հստակեցվել են այն բոլոր միջոցառումները, անելիքները, որոնք հնարավորություն կտան շարունակել Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Հստակեցվել է «Աֆինա Պալլադա» ընկերության եւ Նորատուսի գյուղապետարանի կողմից նախատեսված ներդրումների չափը, եւ, ամենայն հավանականությամբ, 2015 թվականի գարնանից եկեղեցու վերականգնման աշխատանքները նոր թափ կառնեն: Սկսված կարեւոր ձեռնարկը չի կարող մնալ կես ճանապարհին»,- հավաստիացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:

 

 

Խոսրով Խլղաթյան