Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական կոթողներից մեկի' Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցվել էին նախորդ տարվա աշնանից, կվերսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, 2012 եւ 2013 թվականին եկեղեցին վերականգնվել է նկատելիորեն, կատարվել են լայնածավալ վերականգնողակ ան աշխատանքներ, բայց դրանք չեն շարունակվել այս տարվա գարնան վերջին կամ ամառվա սկզբին' եղանակների տաքանալուն զուգահեռ, քանի որ պատմական հուշարձանի վերականգման հովանավորի պարտավորությունը ստանձնած «Աֆինա Պալլադա» կազմակերպությունն ուշացրել էր շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի փոխանցումը: Սակայն, ըստ գյուղապետի հավաստիացման, արդեն հովանավորի կողմից լուծում է ստանում ֆինանսավորման խնդիրը, եւ մոտակա օրերի ընթացքում կսկսվի եկեղեցու վերականգման աշխատանքը:
Իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնող «Լեւգուգ» ՓԲԸ տնօրեն Լյովա Ղուկասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իններորդ դարի պատմաճարտարապետական հրաշալիք հանդիսացող, Սյունյաց Սահակ իշխանի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածինը վերջնական տեսքով վերականգնելու համար դեռեւս հարկավոր է կառուցել թմբուկի գմբեթարդը եւ վեղարը, ամբողջական ծածկերը, հատակը եւ Սուրբ խորանը, կատարել այլ աշխատանքներ: Հանրահռչակ այս հուշարձանի վերականգնումը Նորատուսում եւ Գեղարքունիքի մարզում մեծապես կխթանի տուրիզմի զարգացմանը:
Խոսրով Խլղաթյան