Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ, ինչպես ժողովուրդն է կոչում,«Գեղցոնց ժամը» կվերաբացվի սեպտեմբերին: Այս պահին արդեն ավարտված են եկեղեցու ներքին հարդարման, բակի բարեկարգման, զանգակատան կառուցման և խորանի տակ գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները: Այս եկեղեցին կառուցվել է 1870-1980 թթ.՝ թաղամասի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցին ունեցել է եռանավ կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է «Գեղցոնց ժամ»։

 

Խորհրդային միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1926 թվականի երկրաշարժը տեսած եկեղեցին 1988 թվականիի Սպիտակի երկրաշարժի պատճառով կրկին խարխլվեց, բայց չփլվեց։ Թեև հետագա տարիներին իրականացված լրացուցիչ ամրությունների միջոցով փորձ էր արվել կանխել եկեղեցու հետագա փլուզումը, սակայն դա այդպես էլ չի հաջողվում. 2003 թվականին եկեղեցին ինքնափլուզվում է։ Կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը: Եկեղեցու վերականգնման աշխատանքները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկել էին 2014 թվականին՝ ծնունդով գյումրեցի, սոչիաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի հանագանակությունների շնորհիվ: Ի դեպ, բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան:

 

19-րդ դարի եկեղեցին առանձնանում է նաև Քրիստոսի և 12 առաքյալների որմնանկարով, որը տարիների ընթացքում մասամբ վնասվել էր, իսկ առաքյալներից 4-ի նկարները վնասված էին գրեթե ամբողջությամբ: Գեղանկարչուհիներ Արփինե Համաբարյանն ու Ժակլին Սարգսյանը, ովքեր իրականացրել են որմնանակարի ամրացման, վերականգնման ու պահպանման աշխատանքները, «Արմենպրես»-ին փաստեցին, որ այս և Գյումրու Յոթ Վերք եկեղեցու որմնանկարի հեղինակը հավանաբար նույնն է, քանի որ երկուսի որմնակարներն ունեն նույն ձեռագիրն ու գունային երանգները: Որմնաքարը երկու անգամ է նկարվել, ինչը ցույց է տալիս որմնանկարի մաքրված շերտը՝ երկրորդ շերտը տարբերվում է առաջին շերտից: Օրիգինալն ավելի մուգ գույներով է արված:

 

«Հավանաբար հիմնական որմնանկարն արված է եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1800 ականներին, հետո՝ տարիների անց փորձ է արվել վերականգնում կատարել, բայց ոչ այն, ինչ պետք է արվեր. որմնանկարի վրա քսվել է ծեփաշերտ ու վրան նորից նկարվել»,- նշեց Ժակլին Սարգսյանը: Ի դեպ, երիտասարդ գեղանկարչուհիներին ևս առաջարկվել էր նոր որմնանկար նկարել, սակայն վերջիններս որոշել են պահպանել հինը, թեև դա հեշտ չէր՝ հաշվի առնելով վերականգնման բոլոր դժվարությունները, այդ թվում նաև այն, որ այս պարագայում արվեստագետն ազատ չէ իր երևակայության մեջ և իրավունք չունի փոփոխել որմնանկարի հեղինակի ստեղծագործությունը, ինչքան էլ որ այն վնասված լինի: Որմնանկարի վերականգնումը կատարվել է վերակնագնման բոլոր օրենքներով: Հետագա սերունդների համար աշխատանքների ավարտից հետո ռեստավրատորները կպատրաստեն որմնանկարի անձնագիրը՝ օգտագործված ներկերի, դրանց մաքրման նյութերի, կատարված աշխատանքների մանրամասն նկարագրով, ինչը կհեշտացնի հատագայում որմնանակարի վերականգնման աշխատանքները: Բացի որմնանկարից, եկեղեցին կզարդարեն նաև ժամանակակից գեղանկարիչների գործերը:

Արմենուհի Մխոյան