Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թվականին: Այս տարվա ծրագրով պետք է նորոգվեն եկեղեցու տանիքածածկը, հատակը, վերականգնվի սուրբ սեղանը, խորանը: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
«12 տարի շարունակ պետբյուջեն ամեն տարի որոշակի գումար է տրամադրում այս պատմամշակութային հուշարձանի վերականգնմանը: Այս տարվա աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ից և մինչ օրս սպասվելիք շինարարական գործերի մոտ 40 տոկոսն է արվել: Այս տարվա ծրագրով պետք է դրվի եկեղեցու կղմինդրե տանիքածածկույթը, նորոգվի հատակը, վերականգնվի սուրբ սեղանը, խորանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագծի հեղինակ Մերի Դանիելյանը:
Նա շեշտեց, որ շինարարական աշխատանքների ավարտը մոտ է, սակայն ջերմաստիճանի նվազման դեպքում, ստիպված կլինեն հետաձգել այդ գործընթացը:
«Արհովշին» շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանի խոսքով՝ այս պահին նորոգվում է եկեղեցու հատակը, գմբեթարդ տանիքը, որը տասը օրից կանգուն կլինի: «Անհրաժեշտ է պատուհաններ և դռներ տեղադրել, դրանից հետո եղենակային պայմանները չեն խոչընդոտի ներսի աշխատանքների իրականացմանը: Պետք է ավարտեինք մինչ նոյեմբերի 15-ը, բայց ժամկետները հնարավոր է երկարաձգել»,-ասաց Նազլուխանյանը:
Այս տարվա ծրագրով եկեղեցու վերականգնմանը պետբյուջեն հատկացրել է 27 մլն դրամ:
Ծանոթանալով կատարված աշխատանքների մանրամասներին՝ Արմեն Ամիրյանը հորդորեց նախապես նախարարության հետ համաձայնեցնել այն երկրները, որոնցից գնվելու են կամ գնվում են շինարարության համար անհրաժեշտ պարագաները:
Արագածոտն մարզի Իրինդ գյուղյում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Մինչև մեր օրերը պահպանվել էին եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը, իսկ մինչև թմբուկի վերին քիվը եկեղեցու հարավարևմտյան մասը պահպանվել էր 2-4 քարի շարքի չափով: 2007-ից առ այսօր եկեղեցում կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Այն հանրապետական նշանակության հուշարձան է: Ծավալատարածական լուծումներով համահունչ է Եղվարդի 7-րդ դարի Զորավար եկեղեցուն: