Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բարերաների նվիրատվությամբ փլատակներից վեր է հառնում գյուղի պատմական հուշարձաններից մեկը' 1882 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, շինարարական եւ վերականգնողակա ն աշխատանքները սկսվել եւ ընթանում են ավելի քան կես ամիս: Հուշարձանի վերականգնման համար գումար են հանգանակել արտերկրում աշխատող մի խումբ գործարարներ, որոնց նախաձեռնությանը միանում են նաեւ շատ ծովասարցիներ: Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կատարվում է իր պատմաճարտարապետական հին տեսքով, որին կավելանա է միայն թիթեղյա ծածկը:

 

 

Ծովասարի բազիլիկ եկեղեցու պատմաճարտարապետական նախկին տեսքը պահպանելու համար գյուղապետարանը համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ: «Նախագիծը պատվիրված է, շինարարությունն ընթանում է առանց ընդհատումների: Պահպանվում են փայտե սյուները, որոնց վրա հավաքվում է փայտյա ծածկը: Վերականգնվում է քարե սալիկապատ հատակը, տ եղադրվելու է բազալտակուռ զանգակատունը: Մոտ մեկ ամսից գյուղի համար կարեւորագույն հուշարձանի եւ հավատի տան վերականգնումն ավարտված կլինի»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

 

 

Ծովասար գյուղի բնակիչ, վաստակաշատ մանկավարժ, ազգագրագետ, մի քանի փաստավավերագրական գրքեր հեղինակած Դերենիկ Գեւորգյանի ներկայացմամբ' Սուրբ Աստվածածին եկեղեցին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած եւ Սեւանի ափին վերահաստատված գյուղի բնակիչների համար հավատի տուն է ծառայել մինչեւ նախորդ դարի 30-ական թվականները, որից հետո այն վերածվել է կոլեկտիվ տնտեսության պահեստի: Ըստ հավաստի տվյալների' այն կառուցել են հույն շինարարները, ովքեր տարածքին մոտիկ պատմական գերեզմանոցից բերել են սրբատաշ խաչքարեր եւ օգտատործել եկեղեցու պատերի շինարարության մեջ: Պատկերազարդ եւ չափերով մեծ մի խաչքար էլ տեղադրվել է խորանի պատի մեջ: «Շինարարներն ավելի քան ութ մեքենա հող են դուրս թափել եկեղեցուց: Վերականգնումն ընթանում է հուշարձանի նախկին տեսքին համահունչ, ամենայն բծախնդրությամբ ու բարեխղճությամբ:Մոտ է պահը, երբ ութ տասնամյակ լռության մատնված Աստծո տունը կրկին կլցվի աղոթքով, հավատավորների բազմությամբ, ժամերգությամբ, պատարագով:Սա Աստվածային գործ է, հայրենի հավատին ծառայող, ազգը միավորող գործ»,- նշեց Դերենիկ Գեւորգյանը: