Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը նոյեմբերի 16-ին այցելել է Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքապետ Ալլա Գինակի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար՝ նշեց տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Ալլա Գինակն իր հերթին պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ոլորտներում համագործակցության կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով իր ջերմ բարեկամական հարաբերությունները հայերի հետ:

Հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքի պատմամշակութային հուշակոթողների, հատկապես՝ ռեստավրացիայի փուլում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու մասին (14-15 դդ.), որի վերաբացումը նախատեսվում է 2018 թ.: Քննարկվեց նաև քաղաքի պուրակներից մեկը «Հայկական զբոսայգի» անվանակոչելու հնարավորությունը:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման շրջանակներում քաղաքապետի կողմից առաջարկություն եղավ Հայաստանից և Ուկրաինայից տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխադարձ այցեր կազմակերպել։

Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետը առաջարկեց բարեկամության և համագործակցության մասին հուշագիր կնքել Հայաստանի որևէ քաղաքի հետ և նաև ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելեց Բելգորոդ-Դնեստրովսկիի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին:

Տեղեկանք․ Հայ Առաքելական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Գուլյանի նախաձեռնությամբ և օդեսաբնակ բարերար Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ»: