«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում պարբերաբար տարբեր կազմակերպություններ ու անհատներ հայտարարում են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատին» միանալու մասին: Չնայած շարժման իրական ներուժն առայժմ նկատելի չէ, իսկ Կարապետյանն ինքը շատ ակտիվ չէ ու առավելապես գործում է լուռ, այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, շարժումը բավական ակտիվ գործունեություն է ծավալում՝ թե՛ տարբեր ուժերի և գործիչների համախմբման, թե՛ կազմակերպական աշխատանքների առումով: Մասնավորաբար, տարբեր մարզերում արդեն իսկ ստեղծվել են գրասենյակներ: Ինչ վերաբերում է արտաքին, հրապարակային համեմատաբար պասիվությանը, ապա Կարապետյանին քաջածանոթ գործիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե դա կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: «Նաև իր տեսակն է այդպիսին»,-ասաց նա:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավական մեծ թվով քաղաքական գործիչներ և ուժեր, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից, առաջիկայում կհայտարարեն Կարապետյանի ստեղծած շարժմանը միանալու մասին։ Նաև մոտակա մեկ ամսում նախատեսվում է մի քանի նոր գրասենյակների բացում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է նոր հայտարարություն, որի հիմնական շեշտադրումները կապված կլինեն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության հետ:
Ի դեպ, ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանի՝ շարժում նախաձեռնելու հայտարարությունից հետո ու նրա շուրջ որոշակի համախմբման գործընթացին զուգահեռ անհանգստության նշաններ են զգացվում Ադրբեջանում, որտեղ իշխանության տակ գործող լրատվամիջոցներն անընդհատ հարձակվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ու նրա ստեղծած շարժման ուղղությամբ:
Հավելենք, որ, ըստ տարածվող լուրերի, շարժումը շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին: Թե երբ կլինի դա, Կարապետյանի «ճամբարից» ճշտել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում