Ադրբեջանական գերությունից վերադարձված հայ ընտանիքի անդամները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցան բուժզննում:
Դեռ 2010 թ.-ից 5 հոգանոց ընտանիքը գտնվում էր ադրբեջանական գերության մեջ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայրենադարձումից ժամեր անց ընտանիքի հայրն ու մայրը՝ Եղիշե և Ռուզաննա Գևորգյանները, լրագրողների հետ զրույցում ասացին, որ Ադրբեջանում ենթարկվել են բռնությունների:
«Մեզ այնտեղ ռազմագերիների ճամբարում էին պահում, իմ երեխաները այս ողջ ընթացքում առնետների կրծած հավի միս են կերել: Նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները և դառնանք թուրք»,- ասաց Եղիշե Գևորգյանը:
Նա և իր կինը տարբեր մանրամասներ ներկայացրեցին գրության մեջ անցկացրած հինգ տարիների մասին: Մասնավորապես, Եղիշե Գևորգյանը հայտնեց, որ բազմիցս բռնության է ենթարկվել երեխաների աչքի առջև: Տիկին Ռուզաննան էլ տեղեկացրեց, որ հինգ տարի շարունակ ուսուցիչ են խնդրել երեխաների համար, բայց ադրբեջանցիները չեն տրամադրել:
Լրագրողների հարցին պատասխան` ինչպե՞ս տեղի ունեցավ նրանց վերադարձը՝ Եղիշե Գևորգյանը նշեց, որ վերադարձել են իրենց կամքով:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտանիքը Ադրբեջանում եղել է ավելի շուտ պատանդի կարգավիճակում: «Ադրբեջանից վերադարձած 5 հայերից կազմված ընտանիքը Հայաստան է վերադարձել ինքնակամ, և մեր գործառույթն այն է, որ ընտանիքին ադրբեջական իշխանություններից ընդունենք, և վերադարձնենք Հայաստան: Մնացածի մասին կպատմի ընտանիքը, ծնողները:
Կարևորը, որ նրանք հիմա գտնվում են հայրենիքում՝ Հայաստանում: Այս ընտանիքին մենք ընդունել ենք որպես ՀՀ քաղաքացիներ, մնացածի հետ կապված համապատասխան մարմինները իրենց գործողությունները կանեն»,- հայտնեց նա: