Երկրում ինչ-որ բան էն չի: Բռնությունը դարձյալ վերադառնում է քաղաքական հարաբերություններ: Ահաբեկվում, ծեծվում են ազատամարտիկներ, քաղաքական ու հանրային դեմքեր ու դա տեղի է ունենում որոշակի օրինաչափությամբ: Իրադարձությունների միջև կապը, միասնական տրամաբանությունը տեսանելի են:
Գոնե արտաքուստ իշխանության կամ քաղաքական ճգնաժամի դրսևորումներ չկան, տեսանելի չեն նաև ֆորսմաժորային այն իրավիճակները, որոնք պետք է հանգեցնեին այս իրավիճակին:
Դատեք ինքներդ. Եռյակի գործողություններում, եթե նույնիսկ քաղաքականության ու շարժման էլեմենտներ կան, ապա դրանք ակնհայտորեն չեն սպառնում գործող իշխանության գոյությանը,նույնիսկ, որոշակի վերապահումներով, կարելի է պնդել, որ իշխանության ու հարթակային ընդդիմության քայլերը որոշակի ներդաշնակության մեջ են:
Բողոքող մյուս խմբերը չունեն կազմակերպչական, ֆինանսական, նույնիսկ մարդկային ռեսուրսներ՝ երկրում արմատական, որակական փոփոխություններ առաջացնելու համար:
Այնուամենայնիվ, երկրում ինչ-որ բան այն չէ, ու օդում առկա է լարվածություն, տեղի են ունենում իրադարձություններ, ահաբեկումներ, որոնց նմանը ես տեսել էի 1997-ի վերջին, 1998-ի սկզբին, երբարհեստականորեն, հաշված շաբաթների ընթացքում, հասունացվեց ճգնաժամ, պարալիզացվեց իշխանությունը, տեղի ունեցան հայտնի իրադարձություններ, որոնք հանգեցրին նախագահի փոփոխությանը, խորհրդարանական մեծամասնության վերաձևմանը, իշխանափոխության:
Երբ երկրում պատգամավոր ու հրամանատար են ծեծում, արդեն իշխանությունը մեղավոր է՝ տեղի ունեցածը չկանխելու, ուշ բացահայտելու կամ չբացահայտելու համար:
Ես հեռու եմ այն մտքից, որ կատարվող բռնությունները հետևանք են իշխանության քաղաքական որոշման, բայց միանգամայն հնարավոր համարում եմ, որ իշխանության ներսում որոշակի ավերահսկելիություն կա, շահերի բախում, ու այդ ամենին նպաստում են այն իրողությունները, որ գործող նախագահը 2018թ-ին գնալու է, սրված է պայքարը «ժառանգորդի», քաղաքական ու տնտեսական ոլորտների ու ազդեցության համար: Իշխանության տարբեր թևերի գզվռտոցն ու չհամակարգված գործողությունները կարող են հանգեցնել նման վիճակի, դրսևորումների:
Գուցե այս անվերահսկելիությունը իմիտացիոն է, վերահսկվող, ու իշխանության ճգնաժամ հարուցելով՝ նախագահը փորձում է գնալ արմատական քայլերի, օրինակ՝ կառավարության փոփոխության կամ ուզում է տալ այն մարդու անունը, ով թիմն առաջնորդելու է 2017-2018թթ-ի ընտրական ցիկլում:
Բայց գուցե տեղի ունեցածը հետևանք լինի ոչ իշխանական դաշտում առկա խորքային հակասությունների, տեսանելի ու անտեսանելի գզվռտոցի, ոմանց հեղափոխականության ու մյուսների պրագմատիզմի բախման:
Հայաստանի քաղաքական դաշտում մեծ է ստվերը, չափազանց մեծ տեղ ունեն կուլիսային խաղերն ու ստվերային պայմանավորվածությունները: Իշխանության ներսում, քաղաքական համակարգում շատ են բացահայտ ու ստվերում գործող ուժերն ու գործիչները, մարդիկ, ովքեր կարող են ուզել ապակայունացում՝ եղածը պահպանելու կամ ռևանշի, քաղաքական ու տնտեսական վերաբաժանումներ անելու նպատակով:
Հայաստանում դարձյալ շրջում է բռնություն կոչվող վիրուսը, որի դեմն առնել է պետք, եթե պարալիզացված չենք ուզում տեսնել պետական մեքենան, քաղաքական համակարգը:
Սուրեն Սուրենյանց