ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը հայտնել է, որ 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության' ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։

 

Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։