ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու' Չինար գյուղից դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։

Ազգային և կրոնական ատելության շարժառիթով զուգորդված՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը և Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի և օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին