«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի այսօր կայացած նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, քննարկվել են կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիր ներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՕԵԿ մամուլի ծառայությունից, քաղաքական խորհուրդն անդրադարձել է օրերս ազատամարտիկների և երեկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակումներին՝ արձանագրելով.

 

««Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ:

 

Մասնավորապես, կուսակցության քաղաքական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում և դատապարտում է վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունն ու բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններ ից մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և պատժելու օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել' հետագայում նմանօրինակ դրսևորումների կրկնությունը բացառելու համար:

 

Նման գործողությունները կարող են նպաստել երկրում անպատժելիության մթնոլորտի և բռնության ավանդույթի ձևավորմանը, ինչը իրական սպառնալիք է հանրության անվտանգության համար և արդարացիորեն հարուցում է քաղաքացիների զանգվածային զայրույթն ու դժգոհությունը»: