«Ակոս»-ը հրապարակել է Հայոց ցեղասպանությունը փաստող օսմաներեն փաստաթուղթ, որը 1918 թվականի ապրիլի 2-ին ներկայացվել եւ երկու օր հետո ընդգրկվել է թուրքական խորհրդարանի օրակարգում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական խորհրդարանի օրակարգում այդ փաստաթղթի հայտնվելուց առաջ' 1914 թվականի հունիսի 23-ին թուրքական խորհրդարանում քննարկվել էր Այդընի պատգամավոր Էմանուել Էմանուելիդիի եւ նրա գործընկերոջ' հույների տեղահանության մասին հարցապնդումը եւ ներքին գործերի նախարար Մեհմեթ Թալեաթի պատասխանը: Հարցապնդման մեջ պատգամավորները նշել են 150 հազար բնիկ հույներին հայրենազրկելու, հույների դեմ իշխանությունների դրդմամբ խռովություն կազմակերպելու, ներգաղթածներ ին հույների գյուղերում տեղավորելու հետ կապված հարցեր:

 

Հարցապնդմանը Թալեաթը պատասխանել էր, որ հույների տեղահանությունը կապված է Բալկաններից թուրքերի ներգաղթի հետ: Իսկ այն հարցին' ե՞րբ է սպասվում հույների հետդարձը, Թալեաթն ասել է, որ «կառավարությունը դա չի ցանկանում»:

 

Այդ քննարկումից 4 տարի անց' 1918 թվականի ապրիլի 2-ին Այդընի պատգամավոր Էմանուելիդինը, Չաթալջայի պատգամավոր Տոկինիդիսը եւ Իզմիրի պատգամավոր Վանգելը թուրքական խորհրդարան էին ներկայացրել հայերի եւ հույների ցեղասպանությունների եւ արաբների նկատմամբ խտրական քաղաքականության մասին հարցապնդում, որը խորհրդարանի օրակարգ էր մտել երկու օր հետո:

 

Օսմանյան խորհրդարանի նախագահին ուղղված հարցապնդման մեջ նշվել էր, որ հինգ տարուց ավելի կառավարության հովանավորությամբ պատմության մեջ նախադեպը չունեցող բռնություններ են իրագործվել երկրում. միայն ազգային պատկանելիության համար մեկ միլիոն հայեր, առանց բացառության, կանայք եւ երեխաներ կոտորվել եւ ոչնչացվել են, 250 հազար հույներ վռնդվել են երկրի սահմաններից դուրս, 150 հազարից ավելի հույներ ոչնչացվել են, նրանց բոլորի ունեցվածքը յուրացվել է, սպանվել են խորհրդարանի հայ պատգամավորներ Զոհրապը եւ Վարդգեսը, արաբների սպանություններ են իրագործ վել, 250 հազարից ավելի մարդիկ տեղահանության ժամանակ մահացել են սովից:

 

«Ակոս»-ը, սակայն, չի ներկայացրել այս հարցապնման պատասխանը: