Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավագ ոստիկան Արսեն Իսրայելյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

Արսեն Իսրայելյանը, ՀՀ ոստիկանության և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղում ծառայություն իրականացնելու ժամանակ, 2014թ. օգոստոսի 19-ին մասնաճյուղի նախաբունկերում օգնության կարգով մասնակցել է կառավարիչ Հասմիկ Հարությունյանի և ավագ մասնագետ Նելլի Ղազարյանի կողմից բանկոմատի դրամապանակները լիցքավորելուն։

 

Այնուհետև, մինչև ինկասացիայի աշխատակիցների կողմից դրամապանակները տեղափոխելը, ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դրանք տեղավորել է տեսախցիկի տեսադաշտից դուրս՝ նախաբունկերի հետնամասում։

 

Ապա, օգտվելով բանկի աշխատակիցների կարճատև բացակայությունից, բանկոմատի լիցքավորման համար նախատեսված դրամապանակի կապարակնիքը քաշել-բացելու միջոցով, այնտեղից գաղտնի հափշտակել է 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով 92 հատ թղթադրամ՝ ընկերությանը պատճառելով 920 հազար ՀՀ դրամ գույքային վնաս։

 

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը մեղադրյալ Արսեն Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։