Մեր քաղաքական կյանքն՝ ինչքան էլ տխուր լինի, զվարճանալու բազում առիթներ է տալիս: Լուրջ դեմքերով, հայրենասիրական բառ ու բանով տղերք են հայտնվել քաղաքական օլիմպոսում, որոնց արտաբերած ամեն խոսքը պատմության շտեմարանը հարստացնող գանձ է:

 

Միշտ մի առանձնակի անհամբերությամբ սպասում եմ պատերազմում երկրապահացած ու «Փարավոնում» «երդված» Ռուբեն Գևորգյանի հարցազրույցներին:

 

«ԵԿՄ-ի մեջ ընդգրկված են մանուկները, պատանիները, երիտասարդները, որոշ լրատվականներից տեղեկացա, որ նրանց շարքերը համալրվում են նաև ծերերով, մեծահասակներով: Այսինքն՝ այդտեղ ընդգրկված է հանրապետության ողջ էլիտան, իսկ «Երդվյալների» մեջ ընդգրկված են միայն առաջին գծում կռված տղաները: Մեր տղաների թիվն այսօր հասնում է հինգ հազարի»,- ահա այսպես է Գևորգյանը Վազգենի ստեղծած կառույցը համեմատում կերուխումի սեղանի շուրջ ծնված իր կազմակերպության հետ:


«Հինգ հազար» թիվը մեր «երդվյալ» ախպերը շատ է սիրում: Փաստորեն, հավաքել է առաջին գծում կանգնած էդքան հրամանատարի, ու էլ ո՞վ կարող է հետը մրցել: Եթե թվի հարցում մեր Գևորգյանը չի կեղծում, ապա պեղել-գտել է Հայրենական պատերազմի ողջ մնացած բոլոր հրամանատարներին ու ոչ միայն ազգությամբ հայ և հրավիրել «Փարավոն»՝ մի կտոր հաց ուտելու ու միության անդամատոմս ստանալու: Կամ էլ՝ Գևորգյանի «Բարգավաճած» ու «Բարգավաճող» հովանավորների «ախրանիկ» տղերքով են էդ «հինգ հազարն» ապահովել:

 

Բայց ժլատ մարդ չի մեր Գևորգյանը: «ԵԿՄ-ում էլ կան կռված տղերք' թվով մոտ 300»,- ասում է նա ու չի սխալվում: Ուղղակի հուզված է եղել ու կիսատ է ասել: Ուզեցել է ասել, որ օրվա որ ժամին ԵԿՄ-ի շենքի մոտքով անցնես՝ էդքան կռված ու իրենց հայրենիքին նվիրված տղերքի կտեսնես:


Բա էդ տղերքը ԵԿՄ-ի ու Մանվելի մոտ էլ պիտի գան, որովհետև միայն Վազգենի ստեղծած կառույցն է, որ նրանց «մատից փուշ» է հանում՝ անկախ քաղաքական ու այլ եղանակներից, ամառ-ձմեռ լինելուց: ԵԿՄ-ն՝ իր ոճի ու համախմբման մեջ, միակն ու բացառիկն է ու ոչ մեկի գրական կամ փշոտ ծաղիկներից չի նեղվում:



Սուրեն Սուրենյանց