Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահները աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական բաժնից, երեք երկրների ՎՊ նախագահները ստորագրել են մի շարք կարևոր փաստաթղթեր՝ երկկողմ և եռակողմ համագործակցության ոլորտում:
«Վերահսկիչ պալատներին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք, մենք ավելի շատ պետք է օգնենք, որպեսզի կառավարությունը, գործադիր և օրենսդիր իշխանության թևերը կարողանան բյուջեի պլանավորումից մինչև ծախսային մասը ճիշտ ճանապարհ անցնել»,- իր ելույթում նշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Լատվիայի ՎՊ նախագահ տիկին Կրումինան անհրաժեշտ է համարել իրենց կուտակած փորձը հաղորդել գործընկերներին, որպեսզի ավելի խորը արմատավորվեն ԻՆՏՈՍԱԻ սկզբունքներն ու արժեքները:
Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանն էլ անդրադարձել է համատեղ ստուգումների գաղափարին՝ այն համարելով սկզբունքային՝ հատկապես իրենց երկրների միջև գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ոլորտում:
Այցի շրջանակներում պարոն Զաքարյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղել հայկական եկեղեցում, ծանոթացել կիրակնօրյա դպրոցի ավանդույթներին: