ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, փոխվարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայկական կողմը կարեւորում է բարեկամ Ռումինիայի հետ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացումը:

 

Նա նկատել է, որ երկու երկրների միջեւ այդ ձեւաչափով համագործակցության բավականին հետաքրքիր հնարավորություններ են առկա ու գոհունակությամբ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին նոր կապեր են հաստատվում գործընկեր քաղաքների միջեւ, գործակցության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են:«Հայաստանի կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների նահանգների եւ քաղաքների հետ ուղիղ շփումները, որոնք նպաստում են ինչպես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ը, այնպես էլ ժողովուրդների միջեւ սերտ շփումների հաստատմանը»,- նշել է փոխվարչապետը:

 

Ռումինացի քաղաքապետները ներկայացրել են իրենց քաղաքների հնարավորությունները, տնտեսության ավանդական եւ հեռանկարային ուղղությունները ՝ ընդգծելով, որ շահագրգռված են Հայաստանի գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացմամբ: Հատկապես հետաքրքիր է համարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում գործակցությունը:

 

Երկկողմ կապերի խորացման գործում կողմերը նաեւ ընդգծել են Ռումինիայի հայ համայնքի կարեւոր դերը: Նշվել է նաեւ, որ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների, հատկապես՝ հին հայկական եկեղեցիների առկայությունը հետաքրքիր կարող է լինել զբոսաշրջային ուղղության զարգացման տեսանկյունից:

 

Ռումինական պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրերի ստորագրում Տավուշի մարզի եւ Տուլչա նահանգի, Էջմիածին- Սուչավա, Աշտարակ-Բոտոշան, Ալավերդի-Գեորգեն, Վայք-Թրգու Օկնա, Ծաղկաձոր-Սինայա քաղաքների միջեւ, իսկ Իջեւանը եւ Գեռլան կվավերացնեն 2012թ. ստորագրված համագործակցության համաձայնագիրը: