Սիրիական ճգնաժամը պետք է լուծվի 2015թ.-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին համաշխարհային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: «2015-ը պետք է լինի տարի, որի ընթացքում վերջ կդնենք Սիրիայի մղձավանջին և կկանխենք լարվածությունը այլ տագնապային իրավիճակներում»,- նշել է նա: Նա բարձր է գնահատել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրայի ջանքերը, հատկապես սառեցման գոտի ստեղծելու նախաձեռնությանը' սկսած Հալեպից:
Պան Կի Մունը նաև ավելացրել է, որ նույնիսկ Հալեպում կրակի դադարեցման հասնելը չափազանդ բարդ խնդիր է: Նրան ոգևորել է այն փաստը, որ նախաձեռնությունը քաղաքական աջակցության է արժանանում: «Մենք պետք է զարգացնենք այս նախաձեռնությունը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Ապա կոչ է արել հակամարտության կողմերին՝ Սիրիային կառավարությանը և ընդդիմությանը, մի կողմ դնել տարաձայնությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու իրենց ապագան:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը տարեսկզբից կրկնապատկվել է և մոտեցել 200 հազարի: