ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Արեւմուտքի իշխանությունների ուշադրությունը դարձրել է այն բանի վրա, որ Ուկրաինայի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին:

 

Պանի Գի Մունի նախազգուշացումը հաջորդել է արեւելքում ՆԱՏՕ-ի առաջապահ օպերատիվ բազաներ ստեղծելու վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի արած հայտարարությանը:

 

«Կարեւոր է՝ նրանք հասկանան, որ այդ իրադրության ռազմական լուծում չկա: Քաղաքական լուծման համար քաղաքական երկխոսություն է հարկավոր, դա ավելի ռացիոնալ ճանապարհ է»,- ասել է ՄԱԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից եւ կցանկանար խուսափել ճգնաժամի հետագա սաստկացումից, որը «վերաճում է խիստ քաոսային ու վտանգավոր իրադրության»:

 

«Դա ունի տարածաշրջանային եւ նույնիսկ գլոբալ հետեւանքներ: Հենց դրա համար էլ ես դիմում եմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանություններին՝ առաջարկելով միասին նստել սեղանի շուրջ եւ այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա լրագրողներին Նոր Զելանդիա այցի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: