Ուկրաինական ճգնաժամը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, իրադրության կարգավորմանը պետք է մասնակցեն երկրի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչները: Այդ մասին մայիսի 13-ին Westfalenpost թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

«Ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Երկրի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչները պետք է ներգրավվեն ազգային երկխոսության մեջ»,-հայտարարել է Մերկելը:

 

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկած «ճանապարհային քարտեզը» աջակցություն է ստացել, և ինքը ձեռնամուխ է եղել դրա իրագործմանը: Բուրկհալտերը հավաստել է, որ «դրական արձագանքներ» է ստացել Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրամիությունից:

 

Մինչդեռ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համոզված է, որ երկրի արևելքում իրադրության կայունացումը կախված է ռուսական իշխանությունների գործողություններից. հենց որ Մոսկվան դադարի աջակցել անջատկաններին ու ահաբեկիչներին, իրադրությունը կբարելավվի: «Արևելքի իրադրության կայունացման բանալին գտնվում է ոչ թե Կիևում, այլ Մոսկվայում: Հենց որ դադարեն աջակցել անջատականներին ու ահաբեկիչներին, իրադրությունն իսկույն կբարելավվի»,-նշել է նա:

 

Վարչապետը նաև նշել է, որ Ուկրաինան պնդում է երկրում ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու շուրջ բանակցությունների քառակողմ ձևաչափի (Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ) պահպանումը:

 

Բացի այդ, Յացենյուկը նշել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները մայիսի 25-ին արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: