ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ռազմական հակամարտություն սկսել Ռուսաստանի հետ: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդգծել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

 

Օբամային հարցրել են, թե նա անհրաժեշտ չի համարում արդյոք ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի իրադրության շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ներկայիս խիստ հակասությունների կապակցությամբ: «Չափազանց կարեւոր է գիտակցել, որ այդ հիմնախնդրի ռազմական լուծում չի լինի»,- նշել է Օբաման:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ռազմական գործողություններ չի ձեռնարկում ուկրաինական խնդիրը լուծելու համար»: «Մենք համախմբում ենք միջազգային հանրակցությունը, որպեսզի ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա»,- պարզաբանել է Օբաման:

 

Նախագահը ենթադրել է, որ Արեւմուտքը հաջորդ շաբաթ որոշում կընդունի Ուկրաինայի իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական խստացման վերաբերյալ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: