Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են շփման կետեր փնտրել Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը կարգավորելու համար: Այս հայտարարությամբ Փարիզում հանդես է եկել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած բանակցությունների արդյունքները: «Մենք ինտենսիվ բանակցություններ անցկացրինք, առաջին հերթին, Ուկրաինայի ճգնաժամի շուրջ ե ւ համաձայնեցինք շփման կետեր փնտրել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար»,- ասել է Լավրովը:

 

«Մենք պայմանավորվեցինք աշխատել Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հասնենք այնպիսի առաջնային միջոցառումների իրականացմանը, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների իրավունքների, լեզվական իրավունքների ապահովումը, սադրիչների զինաթափումը, սահմանադրական բարեփոխման իրականացումը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը միջազգային անաչառ հսկողության ներքո»,- նշել է Լավրովը:

 

«Մենք համոզված ենք, որ դաշնայնացումը այդ բարեփոխման շատ կարեւոր բաղադրիչն է, ամենից գլխավորը Ուկրաինայի միասնության ապահովումն է երկրի՝ առանց բացառության բոլոր տարածաշրջանների շահերի հաշվառմամբ: Որպեսզի այդ երկիրը գործի որպես միասնական պետություն, անհրաժեշտ է տարածաշրջանների միջեւ գտնել փոխզիջումներ, փոխհամաձայնություն»,- հայտարարել է նախարարը:

 

Իր հերթին, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-կ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամային իրադրության կարգավորումը պետք է տեղի ունենա այդ հանրապետության ժամանակավոր իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Ինչպես ընդգծել է Քերին, ԱՄՆ-ը մտադիր չէ որոշումներ ընդունել ուկրաինական կողմի փոխարեն, սակայն Վաշինգտոնը պատրաստ է «նպաստավոր պայմաններ ստեղծել բանակցությունների համար»:

 

Նրա խոսքով՝ ճգնաժամային իրադրության կարգավորումը պետք է նախատեսի նաեւ ռուսական զորքերի հետքաշումը Ուկրաինայի սահմաններից: «Նախարար Լավրովի հետ անկեղծ զրույցի ընթացքում ես պարզորոշ հայտարարեցի, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի՝ վերջին շաբաթների գործողությունները համարում է անօրինական»,- ասել է պետդեպարտամենտի ղեկավարը:

 

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի հնարավոր դաշնայնացման հարցը պետք է լուծի ուկրաինական կողմը: «Մենք չէ, որ պետք է որոշում ընդունենք դաշնայնացման պայմանագիր կնքելու վերաբերյալ, դա պետք է անի ուկրաինական կողմը,- ասել է պետքարտուղարը:- Բնականաբար դրա հետ մեկտեղ Ուկրաինային անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, որը վաղեմի կապեր ունի այդ երկրի հետ եւ իր շահերն ունի Ուկրաինայում»: