Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը «կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համատեղ հոդվածում, որը հունվարի 15-ին հրապարակել է Times-ը:
Նրանք նշել են, որ իրենք «կշարունակեն դիմակայել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին», որոնք, քաղաքական գործիչների կարծիքով, «ագրեսիվ են»: «Եթե մենք թույլ տանք, որ միջազգային իրավունքի նման արմատական խախտումներն անպատիժ մնան, ապա կտուժենք անկայունությունից, որը կհետեւի դրան,- պնդում են Քեմերոնը եւ Օբաման:- Մենք աներկիմաստ ազդանշան ենք ուղարկել. միջազգային հանրակցությունը չի աջակցելու Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները մտադրություն են հայտնել այսուհետեւ էլ օգնություն ցուցաբերել Կիեւին տնտեսության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:
Համատեղ հոդվածը հրապարակվել է Միացյալ Նահանգներ Քեմերոնի այցի նախաշեմին, որի ընթացքում նա Օբամայի հետ քննարկելու է նաեւ կիբեռանվտանգության հարցերը: