Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը հայտարարել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

Քեմերոնի և Ռոմպյոյի միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 30-ին: Այդ իրադարձության շրջանակներում, ինչպես սպասվում է, Հերման վան Ռոմպյոյը առանձին հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը հանգամանորեն կքննարկեն ստեղծված իրադրությունը եւ Եվրամիության դիրքորոշումը:

 

«Ուկրաինայի իրադրության շուրջ երկու ղեկավարները համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել ՌԴ-ի նախագահի վրա իրադրության ապաէսկալացման հասնելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Ինչպես հաղորդվում է փաստաթղթում, ուկրաինական ճգնաժամը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովի համատեքստում Մեծ Բրիտանիայի վարչապետը քննարկել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

 

Քեմերոնը և Մերկելը «համաձայնել են, որ ուկրաինական ճգնաժամի ռազմական լուծում չի կարող լինել», իսկ ՌԴ-ի ղեկավարությունը, իր հերթին, «պետք է բանակցություններ սկսի, որոնց նպատակը պետք է լինի հակամարտության քաղաքական լուծումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: