Կանադան նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների ու իրավական անձանց նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

 

«ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գծով մեր գործընկերների հետ համաձայնեցմամբ՝ Կանադան շարունակում է արձագանքել Ուկրաինայի իրադրությանը՝ հայտարարելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ֆիզիկական ու իրավական անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ասված է վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարության մեջ:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հրապարակված ցուցակում տեղ են գտել 37 ֆիզիկական անձ եւ 17 կազմակերպություն: Նրանց թվում են՝ ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրեյ Կարտապոլովը, Պետդումայի պատգամավորներ Իոսիֆ Կոբզոնը եւ Վալերի Կուլիկովը, լրագրող Դմիտրի Կիսիլյովը, «Նովոռոսիյա» հասարակական շարժումը եւ «Ռոսնեֆտ»-ը:

 

Ինչպես ասված է հայտարարության մեջ, Կանադայի կառավարությունը հաստատակամ է Ուկրաինայի ժողովրդի հետ իր համերաշխության հարցում, «որը ենթարկվել է Պուտինի ռեժիմի ռազմական ագրեսիային, որն արդեն ավելի քան 5300 մարդու կյանք է խլել»: