ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։ Այս մասին ասվում է Բայդենին ուղղված նամակում։ Նամակի հեղինակն ու նախաձեռնողները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն են։
«Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի դաժան իննամսյա շրջափակման գագաթնակետն է։ Ադրբեջանը 120 000 խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ 30 000 երեխաներին զրկել է սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտություններից: Արցախի բնակչության ծավալվող զանգվածային տեղահանումների լույսի ներքո պարզ է, որ մեր երկրի արձագանքն այս ճգնաժամին համարժեք չի եղել ճգնաժամի մասշտաբին ավերածություններին։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է հստակեցնի Ադրբեջանի համար, որ
Արցախի դեմ ագրեսիան անընդունելի է և կարժանանա համապատասխան արձագանքի»,-մասնավորապես ասվում է նամակում։