ԱՄՆ-ի մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ եւ նախկին դիվանագետներ բաց նամակ են հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, որում պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նամակի հեղինակները ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ են արել մուտքի արտոնագրերից զրկել մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի պաշտոնյաներին եւ սառեցնել նրանց բանկային հաշիվները: Նրանք պահանջել են սառեցնել նաեւ ԱՄՆ-ի առեւտրային տարածքում Ադրբեջանի պետական կառույցներին արվող գրավիչ եւ քաջալերող օգնությունները:

 

Նամակի հեղինակները պետքարտուղարից պահանջել են նաեւ հակազդել մարդու հիմնարար իրավունքներին հարգանք չդրսեւորող Ադրբեջանի կառավարությանը:

 

«ԱՄՆ-ը տարիներ շարունակ նվազ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում առկա աղետալի վիճակին, ինչի հետեւանքով վերջին մեկ տարում այդ երկրում աճել են իրավապաշտպանների դեմ բռնաճնշումները: Եթե Արեւմուտքը լուծում ենթադրող որոշումներ չընդունի, ապա Ադրբեջանում մոտեցող խորհրդարանական ընտրություններում իրավիճակն ավելի կվատանա», -ասվում է նամակում, որտեղ նշվում է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանում կեղծ եւ շինծու մեղադրանքներով ձերբակալվել են 34-ից ավելի իրավապաշտպաններ, քաղաքական-հասարակական ակտիվիստներ եւ լրագրողներ:

 

Նամակին միացել է նաեւ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը:

 

«Մարդու իրավունքների խմբերը գտնում են, որ կառավարությանը քննադատողների ձերբակալությունները կապված են Բաքվում անցկացվելիք Եվրոխաղերի շեմին «փողոցները մաքրելու» քաղաքականության հետ», -ասվում է նամակում:

 

Նամակի հեղինակները Ջոն Քերիից պահանջել են ակտիվորեն մասնակցել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին անմիջապես ազատ արձակելու իրենց պահանջին:

 

Նամակը ստորագրողների մեջ են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մորթոն Աբրամովիչը, ԱՄՆ պետքարտուղարի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների հարցերով նախկին օգնական Էլիոթ Աբրամսը, Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Էրիկ Չենովիթը, Ջորջթաունի համալսարանից Ջեֆրի Գեդմինը, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ամերիկացի ադրբեջանցիների AZAD կազմակերպության ղեկավար Էլմար Շախտախտինսկին եւ այլք: