Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:
 
«Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ:
 
Լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:
 
Ադրբեջանի հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:
 
Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:
 
Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում: