ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել բանաձեւին, որում ասված է Ուկրաինայում բողոքի ակցիաների խաղաղ մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման մեղսակիցների դեմ «հասցեական պատժամիջոցներ» սահմանելու պատրաստակամության մասին: Այդ փաստաթղթի օգտին քվեարկել է 381 կոնգրեսական, դեմ են արտահայտվել միայն երկուսը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բանաձեւը «աջակցություն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի դեմոկրատական եւ եվրոպական ձգտումներին, ինչպես նաեւ առանց ահաբեկման ու վախի ապագան ընտրելու նրա իրավունքին»:
Բանաձեւի հեղինակները կոչ են արել «ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը շարունակել ճգնաժամից խաղաղ ելք գտնելու համատեղ աշխատանքը»: Դրանում նաեւ կոչ է արվում «Ուկրաինայի կառավարությանը, ընդդիմությանը եւ բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին՝ խուսափել առճակատումից»:
Իրենց հերթին Եվրամիության անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք փետրվարի 10-ին Բրյուսելում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, առայժմ անհրաժեշտ չեն համարում որոշում ընդունել այդ երկրի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես նշել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, «մենք համաձայնեցինք, որ ներկա պահին պատժամիջոցների անհրաժեշտություն չկա»:
Դրա հետ մեկտեղ նա նշել է. «Եթե մենք տեսնենք, որ Վիկտոր Յանուկովիչը եւ նրա մարդիկ արգելափակում են ընդդիմության հետ երկխոսությունը, ապա մենք հարկադրված կլինենք խոսել պատժամիջոցների մասին»: