Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան, Բաղդադը եւ Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները:

«Հյուսիսային Իրաքում անօրինական հանրաքվե է անցկացվել: Մենք հանդես ենք գալիս ոչ թե քուրդ ժողովրդի, այլ Հյուսիսային Իրաքի կառավարության անպատասխանատու գործողությունների դեմ: Մենք նրա հետ դադարեցրել ենք ավիահաղորդակցությունը եւ նրանց հեռուստաալիքների հեռարձակումը, թույլ չենք տվել նրանց ներկայացուցչի ժամանոմւը մեր երկիր: Դա ամենը չէ: Եթե Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը չսթափվի, մենք կհանդիպենք Իրաքի եւ Իրանի ներկայացուցիչների հետ, կընդունենք հետագա որոշումներ»,-ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: