ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ եվրոպական երկրների ղեկավարները տեսախորհրդաժողովի ընթացքում հավաստել են, որ պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մինսկի պայմանավորվածությունների խախտումներ արձանագրվեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

 

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը նույնպես հայտարարել էր, որ Արեւմուտքը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի դեպքում:

 

«Նրանք հաստատեցին արագ եւ համաձայնեցված գործելու իրենց վճառականությունը, որպեսզի ստիպեն զգալիորեն ավելի մեծ գին վճարել, եթե տեղի ունենան Մինսկի համաձայնությունների լուրջ խախտումներ, կամ եթե Ռուսաստանի կողմից աջակցվող անջատականները փորձեն նոր տարածք զավթել»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Օբամայի խոսակցության արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

 

«Ղեկավարները Մինսկի համաձայնությունների հաջող եւ ամբողջական կատարման հույս են հայտնել եւ համաձայնել, որ ընթացիկ պատժամիջոցների մեղմացումը կապված կլինի այդ համաձայնությունների ամբողջական իրագործման հետ»,- հավելել են Սպիտակ տանը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նաեւ Օբաման եւ ԵՄ-ի երկրների ղեկավարները կոչ են արել բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, ԵԱՀԿ-ի հետ համագործակցել ծանր սպառազինությունների հետքաշման հարցում եւ ավարտել գերիների փոխանակումը: Օբաման եւ եվրոպական ղեկավարները պաշտպանել են այն բարեփոխումները, որոնք մտադիր է անցկացնել Ուկրաինայի կառավարությունը, եւ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Նաեւ քննարկվել է Լիբիայի իրադրությունը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պա յքարը:

 

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ԳՖՀ-ի ղեկավարները՝ Ֆրանսուա Օլանդը, Բարաք Օբաման եւ Անգելա Մերկելը, հեռախոսային բանակցություններ են անցկացրել մարտի 3-ին: Դրանց մասնակցել են Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի վարչապետները՝ Դեւիդ Քեմերոնը եւ Մատեո Ռենցին, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: