ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում են Իրանի, ԿԺԴՀ-ի և Սիրիայի վերաբերմամբ չտարածման մասին ամերիկյան օրենքը խախտող գործունեության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան ցանկը զետեղված է Federal Register կառավարական հրատարակության մեջ»:

 

Ցուցակում ներառված ձեռնարկությունների թվում են Տուլայի սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն, Նովոսիբիրսկի գիշերային տեսունակության սարքերի և էլեկտրոնային-օպտիկական վերափոխիչների «Կատոդ» արտադրողը, «Ռոսօբորոնէքսպորտը», ՄիԳ ինքնաթիռաշինական կորպորացիան և ուրիշներ:

 

Նոր ցուցակում ընկերություններ կան Իրանից, Չինաստանից, ԿԺԴՀ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սիրիայից, Սուդանից և Թուրքիայից:

 

Ինչպես պարզաբանվում է, ԱՄՆ-ի նախարարություններին ու գերատեսչություններին կարգելվի գնման պարտավորագրեր կնքել այդ ընկերությունների հետ և որևէ նյութական աջակցություն և օգնություն ցուցաբերել դրանց: Բացառություններ կարող են արվել միայն ԱՄՆ-ի պետքարտուղարի թույլտվությամբ:

 

Պատժամիջոցներն ուժի մեջ են մնում երկու տարի, եթե ժամկետը չփոփոխվի պետքարտուղարի որոշմամբ:

 

Չտարածման մասին օրենքը, որի վրա են հիմնված պատժամիջոցները, 2000 թվականին կիրառվել է Իրանի նկատմամբ: 2005 թվականին այդ երկրին միացել է Սիրիան, իսկ 2006-ին՝ ԿԺԴՀ-ն:

 

Բացի այդ, Ուկրաինայում շարունակվող հակամարտության կապակցությամբ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը պատժիչ ցուցակում ներառել է Ռուսաստանի և այլ երկրների 29 նոր ընկերություններ: Դրանք բոլորն էլ արդեն պատժամիջոցների տակ էին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության համապատասխան որոշման հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: