ԱՄՆ-ի Սենատը նախագահ Բարաք Օբամային օժտել է Ռուսաստանի, ինչպես նաեւ այդ երկրի կառավարության կողմից վերահսկվող ընկերությունների նկատմամբ անարգել նոր պատժամիջոցներ սահմանելու իրավունքով: Բացի այդ, փաստաթուղթը թույլատրում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անե լով ՌԻԱ Նովոստիին:

 

Մասնավորապես, օրենքը նախատեսում է օտարերկրյա ներկայացուցիչների դեմ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահը որոշի, որ նրանք խոշոր ներդրումներ են կատարում նավթի ճյուղի հետ կապված ռուսական որոշակի նախագծերում:

 

Տեքստում ասված է, որ «եթե ԱՄՆ-ի նախագահը որոշի, որ «Գազպրոմը» զգալի ծավալով գազ է կտրում ՆԱՏՕ-ի մեջ մտնող երկրներից, ինչպես նաեւ Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, ապա նա պետք է պատժամիջոցներ սահմանի ոչ ուշ, քան 45 օր անց»: Սահմանափակումներ կարող են կիրառվել նաեւ «Ռոսօբորոնէքսպորտի» եւ ռուսական այլ ընկերությունների նկատմամբ:

 

Փաստաթղթով նախատեսվում է ուղղակի ռազմական օգնություն Կիեւին, որի համար 2015 թվականին կարող է հատկացվել 350 մլն դոլար:

 

Ավելի վաղ Օբաման կասկած է հայտնել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության հարցում, եթե դրանք աջակցություն չստանան Եվրամիության կողմից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին եւ Եվրոպային անհրաժեշտ է այդ հարցում խուսափել տարաձայնություններից:

 

Դեկտեմբերի 11-ին Եվրամիությունն սկսել է քննարկել Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման նախագիծը: Եթե փաստաթուղթն ընդունվի, եվրոպական ընկերությունները կարող են զրկվել թերակղզում տուրիստական բիզնես վարելու հնարավորությունից: