Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և նրա ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը քննարկել են Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև երկխոսության հաստատման միջոցները, ինչպես նաև վստահություն են հայտնել Ուկրաինայի ճգնաժամի լուծման գործում փոխզիջում գտնելու հնարավորութ յան վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել մեր համագործակցության մի շարք հրատապ հարցերում Ֆրանսիայի աջակցության վերաբերյալ, քննարկվել են Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսության հաստատման հնարավորությունները»,- հայտարարել է Նազարբաևը լրագրողներին:

 

«Մենք նաև համադրել ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները: Այստեղ մենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունենք միատեսակ դիրքորոշումներ: Մենք կցանկանայինք, որ շփման կետեր գտնվեին այդ ճգնաժամի հաղթահարման համար, ճգնաժամ, որը ոչ մեկին չի օգնում, վատթարացնում է միջազգային իրադրությունը և վատ է ազդում ոչ միայն Եվրոպայի և Ասիայի, այլև ամբողջությամբ վերցված աշխարհի տնտեսության վրա»,- ասել է Նազարբաևը:

 

«Մենք կարծում ենք, որ կան փոխզիջումների հասնելու հնարավորություններ: Ես իմ կողմից պատրաստ եմ դրա համար գործադրելու Ղազախստանի ջանքերը, և Ֆրանսիայի նախագահը այս հարցում պաշտպանում է մեր ջանքերը»,- եզրափակել է Նազարբաևը:

 

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը և ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները:

 

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով Ղազախստան է ժամանել դեկտեմբերի 5-ին: Ակորդում (Ղազախստանի նախագահի նստավայրում) կայացել են պետությունների ղեկավարների բանակցությունները՝ նեղ և ընդլայնված կազմերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: