Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար Ֆրանսուա Օլանդի բանակցությունները կառուցողական բնույթ են կրել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Երկու ղեկավարների զրույցը հունիսի 5-ի երկոյան տեղի է ունեցել Ելիսեյան պալատում եւ շարունակվել է ավելի քան մեկուկես ժամ:

 

Նախագահները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի եւ հեռանկարների շուրջ: Միջազգային օրակարգը քննարկելիս նրանք արծարծել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտներ: Բանակցություններին մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Լորան Ֆաբիուսը:

 

Պուտինը Ֆրանսիայում է գտնվում Օլանդի հրավերով: Հունիսի 6-ին երկու պետությունների ղեկավարները միասին ներկա են գտնվելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 72-րդ տարեդարձի տոնակատարությանը:

 

Նախօրյակին Վլադիմիր Պուտինը Փարիզում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ: Հանդիպումն սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմման: Սակայն, ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը եւ Քեմերոնը բանակցություններից հետո միմյանց ձեռք են սեղմել:

 

Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիները եւ ռուս-բրիտանական երկխոսության աշխուժացումը:

 

Այսօր Պուտինը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կրեմլում չեն բացառում ՌԴ նախագահի այլ շփումներ: