Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հաղ որդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Շարունակվել է Ուկրաինայի ճգնաժամային իրադրության քննարկումը,- նշվում է հաղորդագրության մեջ:- Ներուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն օժանդակելու միջազգային ջանքերի համատեքստում ընդգծվել է Դոնբասում կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը»:

 

Նշվել է շփման խմբի նիստի շուտափույթ անցկացման կարեւորությունը՝ ի շահ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման եւ հարավ-արեւելքի հետ Կիեւի երկխոսության կարգավորման: Առաջնային խնդիրների թվում, մասնավորապես, նշվել են գերիների փոխանակումը եւ հակամարտող կողմերի շփման գծից ծանր սպառազինության հետքաշումը:

 

Քննարկվել են տուժած շրջանների տնտեսական վերականգնման եւ բնակչությանը հումանիտար եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել հեռախոսային շփումները «նորմանդական ձեւաչափով»: