Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում ղեկավարները հանգամանորեն քննարկել են «Ուկրաինայի դրամատիկ իրադարձությունները»:

 

«Նախագահը եւ կանցլերը լուրջ մտահոգություն են հայտնել Ուկրաինայում ներքին դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

 

«Պուտինը եւ Մերկելը համակարծիք են եղել Ուկրաինայում իրադրության կայունացմանը աջակցելու նպատակով շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցում»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

«Պուտինն ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ արեւմտյան երկրները հրաժարվեն Ուկրաինայի պետական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներից, ինչպես նաեւ խստիվ դատապարտվեն ընդդիմադիր ուժերը, որոնք մեղավոր են հակաիրավական ծայրահեղական եւ ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ»,- նշել են Կրեմլում:

 

Նախագահը եւ կանցլերը պայմանավորվել են շարունակել շփումներն այդ թեմայի շուրջ:

 

Մինչ այդ, ինչպես հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել «հրադադարի եւ բանակցային գործընթաց սկսելու շուրջ»:

 

«Հանդիպման արդյունքում կողմերը հայտարարել են հրադադարի եւ բանակցային գործընթաց սկսելու մասին՝ նպատակ ունենալով արյունահեղության դադարեցումը եւ երկրի իրադրության կայունացումը հանուն քաղաքացիական հաշտության»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ: