Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման՝ Մինսկում հավանության արժանացած համալիր միջոցառումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Արծարծվել են, մասնավորապես, հրադադարի ռեժիմին, ծանր սպառազինությունների հետքաշմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ Դեբալցեւոյի շրջանի իրադրությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ղեկավարները կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ-ի առաքելության դերակատարության շուրջ: Նրանք պայմանավորվել են տարբեր ձեւաչափերով շարունակել շփումները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն օժանդակելու նպատակով:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, փետրվարի 16-ի ուշ երեկոյան Անգելա Մերկելը, Պյոտր Պորոշենկոն եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում անհանգստություն են հայտնել Դեբալցեւոյի շրջանում մարտերի շարունակման կապակցությամբ:
Նրանք նաեւ հանդես են եկել մարտական գործողությունների շրջան ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ մուտքն ապահովելու օգտին:
Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը կոչ է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին՝ ձեռնպահ մնալ հրադադարը խախտող գործողություններից:
«Ես հուսով եմ՝ բոլոր կողմերը հանդես կբերեն բարձր պատասխանատվություն, կհարգեն եւ կկատարեն հրադադարի ռեժիմը բոլոր շրջաններում, այդ թվում եւ Դեբալցեւոյում»,- նշել է Դաչիչը կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ: