ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ՝ քննարկելով երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության հարցերը, ինչպես նաեւ հանրապետության ռազմաքաղաքական դրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:

 

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են ֆինանսական աջակցությունն Ուկրաինային՝ ընդհանուր միջազգային օգնության համատեքստում: Ղեկավարները նաեւ անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արեւելքում անջատականների ակտիվության կապակցությամբ եւ հավաստել հակամարտության խաղաղ կարգավորման համար Մինսկում ստորագրված համաձայնությունների ամբողջական եւ շուտափույթ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ իրենց պայմանավորվածությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 

ՌԻԱ Նովոստին նշում է, որ հունվարի 9-ից Դոնբասում սաստկացել են ընդհարումները ուկրաինացի ուժայինների եւ աշխարհազորայինների միջեւ: